Google-ի ալգորիթմի աշխատանքը [ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ]

0
174

Թվում է, թե բավականին բարդ է վերլուծել, թե ինչպես է աշխատում այդքան ճանաչված Google-ի ալգորիթմը: Սակայն, իրականում պետք է ուղղակի մեկ անգամ հասկանալ, թե ինչ է այն և ինչ հիմնական սկզբունքներով է առաջնորդվում:

Google-ի ալգորիթմը այն տրամաբանությունն է, ըստ որի կայքերը դասակարգվում են որոնողական համակարգի արդյունքների էջում (SERP – Search Engine Results Page): Ուսումնասիրությունների արդյունքում` պարզ են դարձել ալգորիթմի աշխատանքի հազարավոր էլեմենտներից հիմնականները, որոնց մասին էլ այսօր կխոսենք:

Բանալի բառերի առկայություն

Ինչպես բազմիցս արդեն նշել ենք, կայքի ճանաչելիությունը բարձրացնելու արդյունավետ և առաջնային քայլերից է` բանալի բառերի ուսումնասիրությունը: Հարկավոր է գտնել և կայքում ներառել թեմային վերաբերվող և բարձր ցուցանիշներ ունեցող բանալի բառերը:

Ստացիր SEO նորությունները քո էլ. փոստին


Հիշեցնենք, որ այդ ցուցանիշներն են` ամսական ծավալը (monthly volume), որը ցույց է տալիս տվյալ բանալի բառի որոնման հաճախականությունը` ամսվա կտրվածքով, Difficulty ցուցանիշը, որը օգնում է հասկանալ տվյալ բանալի բառի օգտագործմամբ` որոնման համակարգի արդյունքների վերևում հայտնվելու դժվարության աստիճանը, օրգանիկ CTR-ը (Click Through Rate), որը օգնում է տեսնել, թե որոնման համակարգի օրգանիկ արդյունքներում որքան հաճախ են սեղմում տվյալ բանալի բառի վրա: 

Հենց այս ցուցանիշներից ելնելով էլ` Google-ի ալգորիթմը դասակարգում է կայքերը: Եթե Ձեր կայքում առկա են բարձր և դրական ցուցանիշներով բանալի բառեր, ապա կա մեծ հավանականություն, որ կայքը կհայտնվի որոնողական համակարգի բարձր դիրքերում: 

Սակայն, պետք է հաշվի առնել, որ բանալի բառերը չեն կարող ուղղակի ծանրաբեռնել կայքը: Դրանք պետք է օգտագործվեն բնական կերպով և համապատասխանեն կոնտեքստին: Բարձր ցուցանիշներով բանալի բառերն արհեստականորեն օգտագործելու դեպքում` Google-ի ալգորիթմը հաշվի չի առնի Ձեր կայքը որոնողական համակարգում: Այնպես որ, բանալի բառերը պետք է միշտ համահունչ լինեն կայքին և տեքստին: 

Google-ի ալգորիթմը ուշադիր է նաև բոլոր այն կայքերի նյութերի նկատմամբ, որոնց վերնագրում, heading էլեմենտներում, URL-ում և Meta Data-ում առկա են բանալի բառեր:

Օրգանական հղումների քանակ

Google-ի ալգորիթմի կողմից նկատվելու մեկ այլ կարևորագույն պայմաններից է` օրգանական հղումների ամուր հիմք ունենալը: Այդ նպատակով` կարող եք օգտագործել արդեն ընտրված բանալի բառերը, որոնց միջոցով կգտնեք հղումներ, որոնք նույնպես ներառում են այդ բանալի բառերը: Հիմնականում, այն կայքերը, որոնք օգտագործել են Ձեր կայքում առկա բանալի բառեր, կունենան Ձեզ համապատասխան կոնտենտ: Այսպիսով, տարբեր կայքերի նյութերում կավելանա նաև Ձեր կայքի հղումը:

Հետաքրքիր նկարների, ինֆոգրաֆիկաների և այլ պատկերների օգտագործումը նույնպես կօգնի ունենալ հղումների բազա: Ժամանակի ընթացքում տարբեր կայքեր կսկսեն օգտագործել տեղադրված նկարները` նշելով Ձեր կայքի հղումը: Այս կերպ Ձեր կայքի հղումը կհայտնվի մի շարք այլ կայքերում: Երբ Ձեր կայքի հղումը լինի մի շարք այլ կայքերում, դա նույնպես կապահովի Google-ի ալգորիթմի կողմից դիրքավորվելը:

Այստեղ կա մի պարզ տրամաբանություն. եթե մի շարք այլ կայքեր ներառում են Ձեր կայքի հղումը, ապա Դուք իսկապես տրամադրում եք որակյալ կոնտենտ: Google-ը հասկանում է դա և սկսում է ավելի հաճախ առաջարկել Ձեր կայքը օգտատերերին:

Ինչպես բանալի բառերի դեպքում, այստեղ նույնպես կարևոր է, որ տվյալ հղումերն օգտագործված լինեն բնական կերպով: Google-ի ալգորիթմը աշխատում է մաքսիմալ <<ուշադիր>> և <<անկեղծ>>` միանգամից նկատելով ցանկացած խաբեություն, որոնց դեպքում` որոնողական համակարգի արդյունքներում կայքի բարձր դիրքեր գրավելն արդեն երաշխավորված չէ:

Տարբեր սարքերի վրա կայքի աշխատանք 

Բազմիցս նշել ենք, որ պետք չէ մոռանալ, որ մարդիկ ունեն տարբեր նախապատվություններ և սովորություններ: Մեր օրերում օգտատերերը մուտք են գործում կայքեր տարբեր սարքերից, ինչպիսիք են համակարգիչը, հեռախոսը, թաբլեթը, նույնիսկ հեռուստացույցը և այլն:

Անհրաժեշտ է միշտ ուշադիր լինել, թե ինչպիսի տեսք ունի կայքը տարբեր սարքերի վրա: Կարևոր է, որ կայքը լավ աշխատի ցանկացած սարքով մուտք գործելիս:

Այս հանգամանքը կարևոր է ոչ միայն օգտատերերի, այլև Google-ի ալգորիթմի համար: Ինչպես արդեն հասկացանք, Google-ի ալգորիթմը գնահատում է հենց այն կայքերը, որոնք գնահատվում են օգտատերերի կողմից և հարմար են նրանց համար:

Կայքի տեխնիկական կարգավիճակ

Բացի այն, որ կայքը պետք է լավ աշխատի մի շարք սարքերի վրա, այն նաև պետք է լինի տեխնիկապես հնարավորինս լավ վիճակում: Google-ի ալգորիթմը չի հանդուռժում այն կայքերը, որոնք աշխատում են դանդաղ և վատ, ունեն տեխնիկական խնդիրներ, օգտվելիս անհարմար են և ժամանակատար: 

Google-ի ալգորիթմի կողմից ուշադրության արժանանալու համար` կայքը պետք է լավ աշխատի, և, ինչը ամենակարևորն է, լինի արագ: Կայքում որևէ գործողություն կատարելու համար` օգտատերերը պետք է ծախսեն մաքսիմալ քիչ ժամանակ:

Կայքի կառուցվածք

Google-ի ալգորիթմի crawler-ները փորփրում են նաև կայքի կառուցվածքը: Նրանց նպատակն է ինդեքսավորել կայքի բովանդակությունը՝ որոնման արդյունքներում այն դասակարգելու համար: Որքան լավը լինի կայքի կառուցվածքը, այնքան ավելի հեշտությամբ crawler-ները կկարողանան մուտք գործել և ինդեքսավորել բովանդակությունը: 

Crawler-ները հեշտությամբ կինդեքսավորեն համակարգված կառուցվածք ունեցող կայքի բոլոր էջերը: Հետևաբար, կայքը հեշտությամբ կնկատվի Google-ի ալգորիթմի կողմից` հայտնվելով որոնողական համակարգի արդյունքների բարձր դիրքերում:

Այսպիսով, կարելի է հասկանալ Google-ի ալգորիթմի աշխատանքի մի պարզ տրամաբանություն: Որքան կայքը գրավիչ է օգտատերերի համար, այնքան այն գրավիչ է նաև որոնողական համակարգի համար: Google-ի ալգորիթմը կայքի դասակարգման համար օգտագործում է օգտատերերից ստացած տեղեկատվությունը: Ստեղծեք օգտատերերի համար հարմարավետ, արագ, հաջողված, որակյալ կոնտենտով կայք, և այն, միանշանակ, կնկատվի Google-ի ալգորիթմի կողմից: